Իրանի անվտանգության ծառայություններին պատկանող Bultan News լրատվական կայքն իր մի հրապարակման մեջ անդրադարձել է ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններին ու Վլադիմիր Պուտինի հավանական վերադարձին:
Կայքի փոխանցմամբ` Պուտինի վերադարձը ռազմավարական կարևոր հնարավորություն է Իրանի համար, որովհետև Պուտինի եվրասիական ռազմավարության մեջ Իրանը շատ կարևոր ու լրացուցիչ դերակատարություն ունի: Այն ՌԴ-ի հետ միասին գործում է Ատլանտյան ուժերի դեմ:
Կայքը հավելել է, որ ՌԴ-ն Իրանի կարևորագույն հենարանն է Արևմուտքի հետ հարաբերություններում, իսկ Իրանը, ՌԴ-ի ավանդական մրցակից ԱՄՆ-ի կարևորագույն խոչընդոտն է տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում:
Bultan News-ը, բարձր գնահատելով Պուտինի «Եվրասիական միության» նախագիծը, Իրանի համար միակ բացասական կետը համարել է այն, որ հիշյալ նախագծի իրականացմամբ Իրանի տնտեսական դերակատարությունը ԱՊՀ երկրներում նվազելու է:









































