«Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 50 զոհվածների մարմինները տեղափոխվել են Էրջիշ գավառի հիվանդանոց»,- հայտնում է «Ջիհան» տեղեկատվական գործակալությունը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ հաստատվել է Էրջիշ գավառում 30 զոհվածների մասին լուրը: Այդպիսով՝ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 80-ի, 200-ից ավելին վիրավոր են:
Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանի ղեկավար Մուստաֆա Էրդիկն ավելի վաղ հայտնել էր, որ Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել 1000-ի: Իր հերթին Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Ակդագը կոչ է արել չհրապարակել ոչ պաշտոնական տվյալներ, որպեսզի բնակչությունը մոլորության մեջ չընկնի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Վան քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունցել, կան զոհվածներ, տուժել է քաղաքի օդանավակայանը, ինչի պատճառով այստեղ չեն կարողանում վայրէջք կատարել հումանիտար օգնություն տեղափոխող օդանավերը: Այս մասին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի «Կարմիր խաչ»-ի ղեկավարը: Սակայն ժամեր անց օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է:






































