ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այս այցը հետաքրքիր առանձնահատկություն ունի: Բանն այն է, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը ՄԽ գործունեության մեջ աննախադեպ երևույթ է, նման բան երբևիցե չի եղել:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այդ կերպ համանախագահները ցանկանում են ինչ-որ տպավորություն ստեղծել այս այցի հետ կապված. «Վերջին շրջանում կարգավորման ընթացքը կարծես թե առկախված վիճակում է, և շատերը` թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում խոսում են, որ համանախագահները որևէ բան չեն անում»:
Ըստ Սարգսյանի՝ այդ դժգոհություններով պայմանավորված թերևս համանախագահները ցանկանում են տպավորություն գործել և շատ հնարավոր է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ էլ հանդիպեն. «Պարզապես արտաքին տպավորություն են ստեղծում, և իրենք էլ համոզված չեն, որ կարող են կողմերից հասնել թեկուզ նոր հանդիպում կազմակերպելու համաձայնության, դրա համար էլ այդ այցին ծանրակշիռ դիրք են տալիս»:
Սարգսյանը նաև հավելեց, որ համանախագահները սովորաբար խուսափում էին այցելել Ստեփանակերտ, բայց այժմ այնտեղ էլ են այցելում:











































