Հունաստանի մայրաքաղաք Աթենքում աղբահավաքները դադարեցրել են 21-օրյա գործադուլը և սկսել են հավաքել աղբը: Այս մասին ասվում է նրանց արհմիության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, անցած 3 շաբաթների ընթացքում 4 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսի փողոցներում կուտակվել է 100 հազար տոննա աղբ: Մինչդեռ երկրի իշխանությունները հրաժարվում են չեղյալ համարել պետական աշխատողների աշխատավարձերի կրճատումների ծրագիրը: Հունաստանում աշխատավարձերը կրճատվում են կոշտ տնտեսական քաղաքականության միջոցառումների շրջանակներում:
Կառավարությունն առաջարկել է գործադուլների դեմ պայքարի մի շարք ծրագրեր, սակայն դրանք անարդյունավետ են եղել: Մասնավորապես՝ վարձել են մասնավոր աղբատարներ, սակայն դրանք բավարար չեն եղել, մյուս կողմից՝ նրանց աշխատանքներին խոչընդոտել են բողոքի ակցիայի ներկայացուցիչները:
Երեքշաբթի կառավարությունը հայտարարել էր, որ անցկացնում է քաղաքացիական մոբիլիզացիա, ինչը նշանակում է, որ մարդկանց աշխատանքի են կանչում որոշակի օրակարգով` կապված քաղաքացիների առողջության համար ստեղծված վտանգավոր պայմանների հետ: Միայն այդ որոշումից հրաժարվելու պայմանով են աղբահավաքները համաձայնել վերադառնալ աշխատանքի:









































