«Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ`ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը և շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության պահպանման համար:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարևոր խնդիրներից մեկը:
Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախևառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձևավորումը և դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը:
Հանդիպմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:









































