Օրեր առաջ վրացական News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելելու նոյեմբերի առաջին օրերին։ Մանջգալաձեի խոսքերով՝ Սարգսյանի վրացական այցը տևելու է 3 օր։
Իսկ ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ դա պլանային այց է և նախապես համաձայնեցվել է այս տարվա սեպտեմբերի վերջին՝ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի ու հայ խորհրդարանականների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին` «Արդյո՞ք ուղեկցելու է արտգործնախարարը հանրապետության նախագահին նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցի ժամանակ», ասել էր. «Իմ ունեցած տեղեկություններով, նոյեմբերի առաջին կեսին հանրապետության նախագահի օտարերկրյա այց նախատեսված չէ»:
Նկատենք, որ այս խառնաշփոթը, որոշ փորձագետների կարծիքով, կապվում է Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարելիք այցի հետ: Նշենք, որ Սարգսյանը հոկտեմբերի 23-25-ը պետական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սարգսյանի Վրաստան այցի հետ կապված հակասությունները ամենևին էլ չեն առնչվում Ռուսաստան նախատեսվելիք այցի հետ: Նա նկատեց, որ նմանատիպ պետական այցերը ամիսներ առաջ են նախապատրաստվում և այդ մասին հայտարարվում է նախապես ու դժվար թե հանկարծակի ինչ-որ փոփոխություններ արված լինեն. «Ընդհանրապես Հայաստանը միշտ փորձում է հավասարակշռություն պահպանել Վրաստանի և Ռուսաստանի միջև, և, նույնիսկ, դա արել է ռուս-վրացական պատերազմի ժամանակ»:








































