Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրների քննարկման նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է դրան անցկացումը: «Կարծում եմ՝ սա կարևոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձևավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար»,- ասել է նա:
Տ.Սարգսյանի խոսքով` կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձևավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցությամբ, քանի որ գործադիրի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռ պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, վարչապետն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար:
«Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»,- ընդգծել է նա:
Գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:








































