«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը համարում է, որ երեկ կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ցույցից հետո ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալությունն ապօրինություն է: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը, ի վերջո, դե յուրե ապացուցելու է, որ Վարդգես Գասպարին վիրավորանք է հասցրել ոստիկանին: «Կարևորը սակայն այն է, որ բողոքի ակցիաների պատճառով մարդկանց ձերբակալելու պակտիկային վերջ դրվի: Ձերբակալության հարցը պետք է բարձրացվի բացառապես անձի` ազատության մեջ հայտնվելուց հետո: Ինչ վերաբերում է կոնկրետ Գասպարիի դեպքին, ապա նա ոչ Հայաստանից փախչողն է, ոչ էլ երկրից հեռացողը: Նրան ոստիկանական բաժանմունքից պարզապես կարելի էր բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ արձակել, և վերջ: Ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ ակցիաների մասնակիցներին հենց միայն մասնակցության համար ձերբակալելու պրակտիկային»,- նկատեց ժառանգական պատգամավորը:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների` երեկ կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել էր ՀՀ ոստիկանության քննչական բաժին և ապօրինաբար ձերբակալվել։
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանության ապօրինի պահվածքը՝ հատկապես նկատի ունենալով, որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին և պատժել ոստիկանության այն ներկայացուցիչներին, ովքեր օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան։









































