«Ուրբաթ» ակումբի այսօրվա հյուրն էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան` հոկտեմբերի 24-ի` ՄԱԿ-ի օրվա առիթով:
Նա ներկայացրեց այն միջոցառումները, որոնք իրականացվելու են Հայաստանում: ՄԱԿ-ի համակարգը Հայաստանում հաստատվեց անկախությունից ի վեր, և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 24-ին:
Երկուշաբթի օրից սկսվելու է Արևային հոսանքի պանելների տեղադրման ծրագիրը, որի նպատակն է էներգիայի խնայումը: Նախատեսված է նաև մրցանակաբաշխություն լրագրողների համար, ովքեր կլուսաբանեն ՄԱԿ-ի գործունեությունը: Գալիք շաբաթվա ընթացքում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք ներկայացված են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացացչության կայքում,- նշեց Դաֆինա Գերչևան:
«Վերջին քսան տարվա ընթացքում ՄԱԿ-ի որքա՞ն ծրագրեր են իրականացվել, և ի՞նչ ծրագրեր են սպասվում ապագայում» հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ ՄԱԿ-ի 11 հիմնադրամների ծրագրեր են իրականցվել, այժմ 32 ծրագրեր են իրականացվում:
Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու շուրջ ընթացող վերջին իրադարձությունների առիթով Դաֆինա Գերչևան ասաց, որ քննարկումները դեռ չեն ավարտվել, դեռևս պարզ չէ՝ ինչ վերջնական որոշում կլինի: Այս պահին դժվար է որևէ ենթադրություն անել։ Նա համոզված է, որ ըստ արժանվույն հաշվի կառնվի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունը և այն, թե դրա հետևանքով ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալը: «Մենք աջակցում են ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշեց նա` հիշեցնելով, որ ՄԱԿ-ը չի զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ:











































