Հոկտեմբերի 7-10-ը Կյոնջուում (Հարավային Կորեա) տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գերագույն մարմնի գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանը տեղեկացրեց, թե համաժողովի ընթացքում որոշում է կայացվել, որ 2012-ի աշնանը Հայաստանում տեղի է ունենալու զբոսաշրջության միջազգային նախարարական համաժողովը: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը հանդես է գալու որպես այդ համաժողովի կազմակերպիչ, որի արդյունքում ընդունվելու է տուրիզմի ոլորտի արդիական խնդիրների հետ կապված Երևանյան հռչակագիր, որը, փոխնախարարի խոսքերով, կարևոր է, և տուրիզմի զարգացման առումով Երևանը կմտնի պատմության մեջ:
Պետրոսյանը նշեց, որ իրենք արդեն հստակեցնում են համաժողովի անցկացման կոնկրետ ժամկետները. «Հայաստանն իր ենթակառուցվածքներով պատրաստ է միջազգային ընդգրկում ունեցող համաժողովների անցկացման։ Մենք պետք է քաջալերենք նման միջոցառումների անցկացումը Հայաստանում, քանզի, բացի նրանից, որ դա երկրին կբերի որոշակի դիվիդնետներ, նաև հնարավորություն կընձեռվի ևս մեկ անգամ տուրիստական հանրությանը ներկայացնելու Հայաստանը»:
Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Կորեայում կայացած միջոցառման ժամանակ Հայաստանը մրցանակ է շահել տուրիստական պաստառների մրցույթում՝ որպես լավագույն պաստառ ներկայացնող: Քվեարկությունը կատարվել է on-line ռեժիմով: Հայաստանի ներկայացրած պաստառի վրա պատկերված են Զվարթնոցի ավերակները: Մրցանակ շահած պաստառը տպագրել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամը: Պետրոսյանը նշեց, որ մինչև ՄԱԿ ԶՀԿ-ի հաջորդ գլխավոր ասամբլեան այդ պաստառը զետեղված է լինելու Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կայքում:







































