«Չենք լռելու» նախաձեռնությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ նախաձեռնությունը դեռ հուլիսի սկզբին էր ահազանգել Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված չափանիշներն ակնհայտորեն չպահպանելու խնդրին:
Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…
Ինչպես տեղեկացնում են նախաձեռնությունից, 2006թ. Հաղարծն վանական համալիրի գեղեցկությամբ հիացած արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին Հաղարծինի վերանորոգման համար հատկացրել էր 5 մլն դոլար:
«Շեյխի բարի մտադրությունը նման խայտառակ ձևով կատարելով` Մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը այդ մեծատառով մարդուն ուղղակի վատամարդ են դարձնում մեր հազարավոր հայրենակիցների աչքերում: Ոչ այլ ինչ, քան կատարյալ անպատասխանատվություն, դա չի կարելի անվանել»,- հայտարարում են նախաձեռնության անդամները:
Որպես վերոնշյալի ապացույց` «Չենք լռելու»-ն հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են Հաղարծնի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը: Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ» (այլ բառ դժվար է գտնել):
«Որքանո՞վ է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ: Հաշվի առնելով, որ այդ ոգուց գրեթե ոչինչ չի մնացել, գուցե, համատեղելի՞ է:
Տեր Աստված, սրտացավ ու գիտակից մարդկանցով լցրու Հայաստանը: Այն կործանվում է տգիտությունից ու անտարբերությունից…»,- կոչ է անում «Չենք լռելուն»:








































