Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն դատական հայց է ներկայացրել այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Գենադի Մոսկալի դեմ, որը հայտարարել էր, թե Յուշչենկոն փորձում է ԱՄՆ քաղաքացիություն ստանալ: Յուշչենկոն դատարանում վիճարկում է այդ հայտարարությունն ու այն դիտարկում իբրև իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող: Բայց ուշագրավն իհարկե դա չէ, այլ այն, թե որքան «արժե» Յուշչենկոյի հայցը: Այն արժե 1 գրիվնա: Այսինքն` այդքան է պահանջում Յուշչենկոն իրեն վիրավորելու և զրպարտելու համար:
Այս տեղեկատվությունը չափազանց ուշագրավ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության ֆոնին: Ինչպես հայտնի է՝ Քոչարյանների ընտանիքը նախագահական պաշտոնից Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո ընկած ժամանակահատվածում մի քանի դատական համանման հայցեր է ներկայացրել ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ` իբրև փոխհատուցում պահանջելով միլիոնավոր դրամներ: Դե, դատարանը, բնականաբար, բավարարել է այդ պահանջներն ու ոչ իշխանական տարբեր լրատվամիջոցներին դրել ֆինանսական ծանր պարտավորության առաջ: Հիմա համեմատեք նախին նախագահներ Քոչարյանի և Յուշչենկոյի գործողությունները:
Այդ համեմատությունն առավել քան ցցուն վկայությունն է այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում ոչ այնքան իր բարի համբավով և արժանապատվությամբ էր մտահոգ, այլ պարզապես առիթ էր ման գալիս ազատ մամուլի վրա հարձակվելու համար, լուծելով բացառապես քաղաքական խնդիրներ: Իսկ Յուշչենկոն, ընդամենը 1 գրիվնա փոխհատուցում պահանջելով, պարզորոշ ցույց է տալիս, որ խնդիրն այստեղ հենց պատիվն է, ոչ թե ինչ-որ տնտեսա-քաղաքական հաշվեհարդարները կամ հաշիվները անցանկալի կամ մրցակից սուբյեկտների հետ, քանի որ տվյալ դեպքում խոսքը պատգամավորի, ոչ թե լրատվամիջոցի դեմ հայցի մասին է:
Ըստ երևույթին՝ սա կարելի է համարել Յուշչենկոյի լավ դասը Քոչարյանին: Բայց, մյուս կողմից, դասի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ մարդն ինչ-որ բան է անում՝ չգիտակցելով արածի ամբողջական էությունը, իսկ հետո նրան կողքից հուշում են կամ խորհուրդ տալիս, և նա ուղղում է իր վրիպումը կամ անհարմար քայլը: Իսկ տվյալ դեպքում, Ռոբերտ Քոչարյանը, անշուշտ, շատ լավ է հասկանում, թե ինքն ինչ է անում, ինչի համար և ինչպես: Նրան, իհարկե, չի էլ հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն, ասենք, Հայաստանի քաղաքացիները, կամ Հայաստանից դուրս ինչ կմտածեն նրա հետնախագահական կերպարի մասին: Քոչարյանին դա չի հետաքրքրել նախագահ եղած տարիներին, առավել ևս չի հետաքրքրում այժմ, եթե նույնիսկ նա ունի նորից նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն: Ի վերջո, նրա այդ պայքարը ամենևին հանրային համակրանքի վրա չէ, որ կառուցվելու է, այլ ներիշխանական ինտրիգների և պալատական ստվերային գործարքների, որտեղ դուրեկան ու անդուր չկա, այլ գործում է ՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:











































