ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմաներին:
Անդրադառնալով Բաքվում իր իսկ հայտարարությանը, թե ԼՂ խնդիրը Միացյալ Նահանգների համար անհետաձգելի է, ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել և պետք է լրացնել, ուժեղացնել գործընթացը, հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է բեկում մտցնել կարգավորման գործընթացում, մանավանդ որ՝ վերջին շրջանում Ռուսաստանի առաջնորդությամբ ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները մինչև այս պահը արդյունքի չեն հանգեցրել, Ուիլյամ Բըրնսը պատասխանեց. «ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ կազմում որպես համանախագահող երկիր և ակտիվ դերակատարում ունենալ: Մենք արդյունավետ կերպով աշխատում ենք մեր գործընկերների` Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ: Մեր բոլորի համար ակնհայտ է, որ այս խնդրին ռազմական լուծման տարբերակ չկա: Կարծում եմ, որ ակնհայտ է նաև այն, որ ստատուս քվոյի իրավիճակը չի կարող այլևս պահպանվել: Ուստի անհրաժեշտ է այս խնդրին մոտենալ հրատապության զգացումով: Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությամբ հստակ նշվեց, որ երկրի ղեկավարները իրենց ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ես միայն կվերահաստատեմ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` անել ամեն ինչ, որպեսզի տևական խաղաղ լուծում լինի այս խնդրում»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը նշեց. «Ես կասեմ հետևյալը` ԱՄՆ-ը պաշտպանել է և օժանդակել է հայ-թուրքական արձանագրություններին, և մենք կարծում ենք, որ դա երկու երկրների, երկու ժողովուրդների շահերից է բխում` արագ առաջընթաց ունենալ այդ հարցում և վավերացնել արձանագրությունները: Մենք կրկին շարունակում ենք քաջալերել Թուրքիայի մեր գործընկերներին այդ ուղղությամբ առաջ շարժվելու հարցում: Ես նորից ուզում եմ կրկնել, որ մեր կարծիքով՝ արձանագրությունների վավերացումը, դրանց իրականացումը բխում է երկու ժողովուրդների, երկու երկրների շահերից, և որքան շուտ դա լինի` այնքան լավ»:









































