Հայաստանի կառավարության պատվերով իրականացված «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտության ամփոփիչ փաստաթղթում նշված է, որ դպրոցների հետ առնչություն ունեցած հայաստանցիների 14,5 տոկոսի կարծիքով՝ կոռուպցիայի մակարդակը դպրոցներում աճել է:
Հետազոտության ընթացքում հարցվածների 37,7 տոկոսն ասել է, որ կոռուպցիան նվազել է, իսկ 21,3 տոկոսն էլ համոզմունք է հայտնել, որ դպրոցներում կոռուպցիա չկա:
Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայության համաձայն՝ բուհերի հետ առնչություն ունեցած քաղաքացիները նշել են` կոռուպցիայի մակարդակը նվազել է` 29,9 տոկոս, մնացել է նույնը` 35,8 տոկոս, աճել է` 23,8 տոկոս, կոռուպցիա չկա` 10,4 տոկոս:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների ընդամենը 1,8 տոկոսն է որպես Հայաստանի առջև կանգնած կարեւոր հիմնախնդիր դիտարկել կրթության խնդիրները:
Կառավարության գործունեությունը կրթության ոլորտում հարցվածների 34,3 տոկոսը գնահատել է դրական, 34,9 տոկոսը` միջին, 30,8 տոկոսը` բացասական: Հարցման արդյունքներով՝ 2011 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին հանրային վերաբերմունքը կրթության և գիտության ոլորտի նկատմամբ մոտ 12% դրական աճ է ցուցաբերել:
Հարցվածների ավելի քան 50 տոկոսը համոզված է, որ դպրոցներում օրենքների խախտումներ չկան, մոտ 24 տոկոսը նշել է, որ երբեմն խախտվում են, 25 տոկոսն էլ նշել է, որ հաճախ են խախտվում:










































