«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան ուղղակիորեն պայմանավորված է տարածաշրջանում առկա, եվրատլանտյան հարակցության և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններով: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանը թևակոխել է չափազանց կարևոր փուլ: Եվրատլանտյան կողմնորոշումների այս խորապատկերում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը մեր երկիր մրցակցության դրսևորում և նախազգուշացում էր»,- նկատեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ իր այցը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ պետքարտուղարը, նախագահ Օբաման և Միացյալ Նահանգների ողջ կառավարությունը տալիս են Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերություններին և առաջիկա տարիներին այդ հարաբերությունների խորացմանը:
«Տարածաշրջանային անվտանգության հարցերով մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ: ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության ուժերի կազմում`Աֆղանստանում: Մենք բարձր ենք գնահատում այն, որ վերջերս Հայաստանի կողմից այդ առաքելությունում ներգրավված զինծառայողների թիվը ավելացվեց: Մենք նաև ողջունում ենք հայկական խաղաղապահ ուժերի ներկայությունը Կոսովոյում»,- ասել էր նա:
Բըրնսը նաև վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ օգնել կողմերին հասնելու տևական խաղաղ լուծման ԼՂ հարցում, ապա բարձր գնահատել Հայաստանի հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Նշենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան երեկ հանդիպել էր նաև Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:











































