Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանում անցկացվում էին օտար լեզվի դասընթացներ՝ հատուկ քաղաքապետարանի աշխատակիցների համար: Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց ճշտել`արդյո՞ք շարունակվում են դասընթացներն այս պահին կամ արդյո՞ք դրանք կկրեն շարունակական բնույթ:
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ավարտված են հատուկ քաղաքապետարանի աշխատակիցների անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի եռամսյա վերապատրաստման դասընթացները:
«Ընդ որում` դասընթացները նախատեսված են եղել միայն ցանկացողների համար»,- հավելեց նա` ընդգծելով, որ ցանկացողների թիվը բավական մեծ է եղել, բայց հնարավորությունն է եղել քիչ: Նրա խոսքով`եթե առաջիկայում ևս մեկ հնարավորություն լինի, նրանց ևս կներգրավեն դասընթացներում: «Դասավանդողը մեկն էր, իսկ ցանկացողների թիվը`շատ մեծ: Հուսանք, որ առաջիկայում նման նախաձեռնության ևս մեկ հնարավորություն կլինի»,- նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է դասընթացների շարունակականությանը, ապա նշեց, որ այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ:











































