ԱՊՀ-ն, ճիշտ է, անպետք կառույց չէ, սակայն նրա ինստիտուցիոնալ խնդիրներն ու գործառութային դաշտը դեռևս հասցված չեն բյուրեղացման: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, լիովին հնարավոր է կառույցի քաղաքական ուղղվածությունը փոխել ընդգծված տնտեսականի, ինչն էլ ԱՊՀ-ին թույլ կտա լինել տնտեսական վաակումի լրացնողի դերում: «Կատարյալ կառույց լինելու համար ԱՊՀ-ն դեռևս պետք է հղկվի: Միաժամանակ պետք է հիշել, որ աշխարհում նոր ձևաչափեր գտնելը շատ դժվար է»,- նկատեց Կարեն Բեքարյանը:
Հարցին` ի՞նչ է տվել Հայաստանին այս կառույցին անդամակցելը, քաղաքագետն ասաց. «Մեր երկրի համար ԱՊՀ-ն կարող է լուծել տարբեր ենթակառուցվածքների ինտեգրման հարցը: Եթե սա չի խանգարում Հայաստանի որդեգրած հիմնական գաղափարին, եվրաինտեգրմանը, պետք է օգտագործել ԱՊՀ-ի ընձեռած ինտեգրացման բոլոր հնարավորություններից»,- ամփոփեց Բեքարյանը:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ նշել էր. «Այսօր պատմական օր է, որովհետև, եթե անկեղծ լինենք` մենք ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրի վրա իրականում աշխատել ենք 20 տարի։ Այս տարի լրանում է ԱՊՀ-ի հիմնադրման 20-ամյակը, և ինձ թվում է` այս նշանակալից օրը հաստատում է, որ ԱՊՀ-ն շարժվում է ճիշտ ուղղությամբ»:
Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրներ են հանդիսանում նախկին խորհրդային բոլոր երկրները` բացառությամբ Վրաստանի, որը կառույցից դուրս էր եկել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:











































