Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տետ-ա-տետ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ադրբեջանա-ղազախական 4 փաստաթղթերի ստորագրումը։
«Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահների համատեղ դեկլարացիան» ստորագրել են Իլհամ Ալիևն ու Նուրսուլթան Նազարբաևը։ Մյուս փաստաթղթերն առնչվում են ծովային նավարկության ոլորտում երկու երկրների կառավարությունների և դիվանագիտական ոլորտում երկու երկրների արտգործնախարարությունների համագործակցությանը։
Նազարբաևը նշել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ղազախստանի առանցքային գործընկերն է։
Հիշեցնենք, որ Ալիևը Ղազախստանում մասնակցում է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին։