Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան այսօր հրապարակել են բիզնեսի վարման մասին Doing Business-2012 զեկույցը։ Դրանում Ռուսաստանը 183 երկրների թվում զբաղեցրել է 120-րդ տեղը։ Նախորդ տարի Ռուսաստանը 124-րդն էր։
Բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմանները ստեղծվել են Սինգապուրում, ապա գալիս են Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը և Դանիան։ Հետնապահներն են Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Չադը։
Հետխորհրդային երկրներից լավագույն արդյունքն ունի Վրաստանը՝ 16-րդ տեղ (նախորդ տարի 12-րդն էր), ապա գալիս են Լատվիան (21-րդ տեղ), Էստոնիան (24-րդ տեղ) և Լիտվան (27-րդ տեղ)։ Ղազախստանը 47-րդն է, Հայաստանը՝ 55-րդը, Ադրբեջանը՝ 66-րդը, Բելառուսը՝ 69-րդը, Ուկրաինան՝ 152-րդը, Ուզբեկստանը՝ 166-րդը։
Հետխորհրդային տարածքում իրականացրած բարեփոխումների քանակով Հայաստանն առաջին տեղում է. Հայաստանն իրականացրել է կանոնակարգման և ինստիտուցիոնալ հինգ բարեփոխում` վեր բարձրանալով 6 հորիզոնականով։











































