«Բանակն իրականում» ակցիայի մասնակիցները, ակտիվ հասարական-քաղաքական գործիչները, երիտասարդները հավաքվել են կառավարության շենքի առջև և իրենց բողոքն են հայտնում բանակում տեղի ունեցող անօրինությունների, անկարգությունների, սպանությունների առնչությամբ` կառավարությունից պահանջելով վերջին տարիներին բանակում տեղի ունեցած սպանությունների բացահայտում և բանակում կարգուկանոնի հաստատում:
Բողոքի ակցիային մասնակցում է նաև «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Անդրադառնալով ՀՀ ՊՆ փոխնախարարի հայտարարությանը, թե պաշտպանության նախարարին թույլ անվանողները թուլա են, նա ասաց, որ պատկերացնում է, թե Վլադիմիր Գասպարյանը ոչ հրապարակավ ինչպիսի բառապաշար է օգտագործում:
«Բանակում սպանությունների դեպքերը անձերի փոփոխությամբ չեն կրճատվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Պետք է հաստատվի արդարադատություն, որը, Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Հայաստանում գրեթե չի գործում:
«Դատական համակարգը չի գործում, և իրավական գնահատական չեն տրվում բանակում տեղի ունեցող դեպքերին: Օրենսդրական նախաձեռնությունները և օրենքի փոփոխությունները չեն կարող լուծում տալ այս հարցերին: Չեմ կարծում, որ այստեղ միայն օրենքի հարցն է: Ամբողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում է՝ գործադիրի ղեկավարի ձեռքում: Բանակն օգտագործվում է քաղաքական այն ուժի կողմից, որը գործադիրն է ներկայացնում իր քաղաքական նպատակների համար: Բանակում, ինչպես այլ ոլորտներում, գործում է կոռուպցիան»,- ամփոփեց իր խոսքը Զարուհի Փոստանջյանը:
Նշենք նաև, որ կառավարության շենքի առջև պաստառներով իրենց վրդովմունքն են հայտնում Դալմայի այգու համար բողքողները, կրպակատերերը և անհատներ, որոնք ունեն սոցիալական խնդիրներ:







































