«Ամերիկայի ոստիկանները չորեքշաբթի օրը կրկին ձերբակալել են հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանին, քանի որ Կալիֆոռնիա նահանգի դատարանը վճիռ է կայացրել նրան բանտ նստեցնել՝ փորձաշրջանի պայմանները խախտելու համար»,- հայտնում է Associated press գործակալությունը:
Լոհանը պայմանական ժամկետի շրջանակներում իրականացնում էր հասարակական աշխատանքներ կանանց ապաստարանում, սակայն դատավորը չեղյալ է հայտարարել վճիռը, քանի որ դերասանուհին խախտել է աշխատանքային պայմանները:
Դատարանը գրավի գումարը սահմանել է 100 հազար դոլար:
2007 թվականին Լոհանին դատապարտել էին երեք տարվա ազատազրկման՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, ավելի ուշ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով:
2010 թվականի հուլիսին դատարանը Լոհանին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նա խախտել էր փորձաշրջանի պայմանները և բաց էր թողել ալկոհոլի վնասի մասին յոթ դասախոսություն: Դատարանը նրան դատապարտել էր 90 օրվա ազատազրկման, սակայն 14 օր անց վճիռ էր կայացրել ազատ արձակել`պայմանով, որ Լոհանը վերականգնողական կուրս անցնի:








































