«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը ձեռնպահ է մնում կանխատեսել` ինչպիսի՞ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը Հայաստանի ՄԻՊ-ի` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով իրեն դիմելու արդյունքում: Այս մասին խմբագիրն ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Եթե օրենքի նախագիծ առաջարկողն ինքն է գտնում, որ այն դադարել է սահմանադրական լինելուց և անձամբ է դիմում ՍԴ, նշանակում է` բավական հետաքրքիր զարգացումների ենք ականատես լինելու: Իսկ թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, դժվարանում եմ ասել. Հայաստանում դատարաններն անկանխատեսելի են»,- ամփոփեց Բագրատ Եսայանը:
Նշենք, որ հայաստանյան 8 պարբերականների խմբագիրներ, այդ թվում` «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը, այսօր Սահմանադրական դատարանին կոչ են արել կասեցնել Քաղաքացիական օրենսգրքի «Զրպարտության» և «Վիրավորանքի» հոդվածների կիրառումը:
Նրանց ստորագրած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻՊ-ը 2009 թվականին օրենսդրական փոփոխության մի գաղափար էր առաջարկել, որի էությունը կայանում էր զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու և այդ արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանելու մեջ: Անցյալ տարվա մայիսին օրենսդրական փոփոխությունն ընդունվել էր, ինչից հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել։








































