Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Վրաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան և փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների և Ռազմավարական գործընկերության մասին վրաց-ամերիկյան խարտիայի շրջանակներում համագործակցության խորացման հարցերը։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանում տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը։ Բըրնսը իր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար՝ ընդգծելով վրացի զինծառայողների քաջությունը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ 2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ը և Վրաստանը Վաշինգտոնում ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիան։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է տվյալ ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, իսկ վրացական կողմից՝ Գրիգոլ Վաշաձեն։
Դրանով ենթադրվում էր պաշտպանության և անվտանգության, տնտեսական, էներգետիկ, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական և մշակութային ոլորտներում գործընկերության և համագործակցության ընդլայնում։









































