«Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործով դեռ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչել և ներգրավել: Իսկ տուժողի իրավահաջորդ հանդիսանալու են նրա քույրն ու մայրը: Եվ քանի որ միայն մայրն ու քույրն են, նրանց այս վիճակով դեռ չեն կարող ներգրավվել գործում, քանի որ միայն այսօր է Արմեն Պետրոսյանի էգնահողը եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը և ավելացրեց. «Ամեն դեպքում, այս պահին դեռ լուրջ նորություն չկա: Քննությունը դեռ նոր է սկսվել, և 1-2 օրվա ընթացքում հնարավոր էլ չէ լուրջ արդյունքի հասնել»:
Մեր այն դիտարկմանը, թե՝ Արմեն Պետրոսյանի մահվան երեք վարկած է շրջանառվում՝ սպանություն, անբուժելի հիվանդության պատճառով ինքնասպանություն, երրորդ վարկածի համաձայն էլ նա լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում, քննչական բաժանմունքի պետն արձագանքեց. «Մենք փորձաքննություններ ենք նշանակել, ու շատ վաղաժամ է այդ ամենի մասին խոսելը: Ամեն դեպքում՝ այդ երեք վարկածները չեն: Ավելի շատ վարկածներ կան քննության առումով, և բոլոր ուղղություններով քննություն տանում ենք: Սակայն այս պահին ակնհայտ պատճառ չկա՝ ո՛չ առողջական, ո՛չ ֆինանսական: Բայց ձեր թվարկած վարկածներով ևս պետք է աշխատենք, ինչքան էլ որ դրանք հավանական կամ անհավանական թվան»:
Իսկ հարցին՝ կասկածյալներ կա՞ն, պատասխանեցեց. «Չէ, չէ, այդ հարցը մյուսից է բխում: Պետք է վարկած լինի, ինչ-որ հիմնավորում, որ, ըստ դրա, կասկածվող անձանց շրջանակ ձևավորվի»:
Հիշեցենք, որ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` 110-րդ հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:











































