News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չեխական ČT24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին.
«Վրաստանը դեռևս չի դիտարկում այդ խաղերը բոյկոտելու հարցը։ Դա կախված չէ ինձանից, դա կախված է Վրաստանի օլիմպիական կոմիտեից։ Սակայն բանը չի ավարտվում միայն այդքանով։ Դա էթնիկ մաքրված տարածք է։ Դա այն տեղն է, ուր տեղի է ունեցել չերքեզների ցեղասպանություն։ Սոչին իսկապես բարդ պատմություն ունի։
Բացի այդ, գոյություն ունի անվտանգության խնդիր։ Հյուսիսային Կովկասը պարզ տարածք չէ։ 2014 թվականն արագորեն մոտենում է, սակայն այդ խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում։ Ես չեմ կարծում, թե դա կարող է տեղի ունենալ մինչև 2014 թվականը»։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին էլ Միխեիլ Սաակաշվիլին ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցում նշել էր. «Այսօր դժվար է ասել` արդյոք Վրաստանի ընտրանին կմասնակցի՞ Սոչիի օլիմպիական խաղերին: Դեռ բավական ժամանակ կա` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի արագությամբ են իրադարձությունները փոխվում մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Ամեն ինչ կախված է աբխազական խնդրի լուծումից: Դա ոչ միայն Վրաստանի, այլև` Ռուսաստանի խնդիրն է: Որքան շուտ լուծում տանք այդ խնդրին, այդքան լավ կլինի բոլորի համար»:











































