Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի փակումն ազդարարեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին արժանացած ռեժիսոր Լուի Միհոյոսի «Ծովախորշը» ֆիլմը: Փառատոնին որպես հյուր ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսերներից Ադրիեն Հոլը:
Ելույթ ունենալով փառատոնի փակմանը`«Արևորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ ընթացքում ցուցադրվել են ավելի քան 70 ֆիլմեր՝ աշխարհի 30 երկրներից, որոնք միաժամանակ ցուցադրվել են Երևանի 11 կինոթատրոններում:
Այս տարի փառատոնում ֆիլմերը մրցեցին մրցութային 3` վայրի բնություն, բնապահպանական, մանկապատանեկան ծրագրերում: Այս տարի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Ավստրիայի Քլաուս Ֆայխթենբերգերի «Ռադիոակտիվ գայլեր» ֆիլմը, ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Օլիվեր Գյոցլի (Ավստրիա) «Ֆինլանդիա» ֆիլմը: Վայրի բնության մասին մրցութային ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Ռոբերտ Ռայխլի «Վայրի բնության պահապանը» (Սլովակիա) ֆիլմը:
Մանկապատանեկան ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Անն Տորացայի «Ֆանտաստիկ աշխարհ» (Իտալիա) ֆիլմը, Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբի «Խաղեր փոշու հետ», Երևանի «Արևորդի» էկոակումբի «Համաձայն չեմ» ֆիլմերը: Լավագույն մանկապատանեկան անիմացիոն ֆիլմ ճանաչվեց Էնրիկե Ֆրեյրեի «Իսկ դուք վերաօգտագործո՞ւմ եք» ֆիլմը:
Լավագույն մանկապատանեկան ֆիլմ ճանաչվեց «SOS Սևան» ֆիլմը, որը նկարահանել էին Նորատուսի «Արևորդի» էկոակումբի սաները: Վերջիններիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հանձնվեց տեսախցիկ:
Բնապահպանական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ Վալենտին Թուրնի «Սպառման համտես»-ը, պատվավոր մրցանակը` բրիտանացի Մարկ Դոդի «Անապատի դեմն առած մարդը» ֆիլմը:
Այս տարի փառատոնի լավագույն բնապահպանական ֆիլմ ճանաչվեց բրազիլացի Մարկուս Նեգրանի «Փշրված լուսինը»:
Փառատոնի 5 օրվա ընթացքում տեղի ունեցան ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, համերգներ, լուսանկարչական ցուցադրություններ, դիմակահանդես-շքերթներ, հանդիպում-քննարկումներ, միջազգային համաժողով:
Փառատոնը փակվեց օսկարակիր «Ծովախորշի» ցուցադրությամբ:






































