«Միանշանակ չարժե նայել այն հարցին` Անժելա Սարգսյանի մասին է տեսագրությունը, ու ասել` վայ, ի՞նչ է: Մեր այդ քայլը պետք է դիտարկել, թե որ տեսանկյունից է դա արվում, պետք է հասկանալ, թե «Չենք լռելու»-ի այդ քայլը ինչի համար է արվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց «Չենք լռելու» նախաձեռնության անդամ Աշոտ Պողոսյանը`«Արդյո՞ք անցումը բանակից ու հասարակական կարևոր խնդիրներից Անժելա Սարգսյանի անձին չի՞ վնասում նախաձեռնության հեղինակությանը» հարցին ի պատասխան:
«Մեզ հետաքրքրեց այդ թեման զուտ մանկապղծության մեղադրանքի հնչեցման առումով: Հիմնական նպատակն այդ փաստը վեր հանելն ու Կարեն Արայանի ծնողներին հարթակ տրամադրելն էր, որոնք հանրությանը ներկայացնում են իրենց տեսակետը, թե իրենց տղային առաջադրվել է շինծու մեղադրանք»,- շեշտեց Ա. Պողոսյանը:
Նրա խոսքով` նախաձեռնության քայլը պետք է դիտարկել որպես հարթակ: Նա ցավով նշեց, որ հասարակության համար Անժելա Սարգսյանի անձն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քան մեր քանդվող եկեղեցիների թեման:
«Մեր հասարակությունը դա շատ մոտ ընդունեց սրտին: Բոլորը քննադատում էին, ու բոլորը նայում էին, ինչը վկայում է հասարակության խեղաթյուրված ընկալումների մասին: Մենք դրանում մեղավոր չենք, դա հասարակության խնդիրն է»,- շեշտեց նա:









































