Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովն անդրադարձել է երկկողմանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրներին.
«Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները հենված են պատմական խոր արմատների վրա։ Թուրքիան առաջինն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը (1991)։ Թուրքիան մշտապես առաջինն է օգնության հասել Ադրբեջանին, երբ վերջինս գտնվել է ծանր ժամանակաշրջանում։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններն էապես տարբերվում են այլ երկրների հետ կապերից։ Ընդհանուր առմամբ` երկկողմանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և ես հուսով եմ, որ դրանք կամրագրվեն եղբայրության ու ռազմավարական գործընկերության ոգով։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը միանշանակ է։ Պաշտոնական Անկարան այն բազմիցս հնչեցրել է բոլոր միջազգային կառույցներում և բարձր մակարդակի երկկողմանի հանդիպումներում։
Պետք է նկատել, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում դիվանագիտական հարաբերություններ հաստատել ենթադրող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կտրուկ դժգոհություն հարուցեց ոչ միայն ադրբեջանական, այլև՝ թուրքական հասարակությունում, ինչն ի ցույց է դնում մեր ժողովուրդների միասնությունը։
Հայ-թուրքական սահմանի բացումն անմիջականորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Էրդողանի հուլիսյան ադրբեջանական այցը նույնպես վկայում է այդ մասին»։
Հիշեցնենք, որ Էրդողանի այդ այցի ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը չկարողացան որևէ փաստաթուղթ (գազային կամ անցագրային) ստորագրել և բավարարվեցին միայն հակահայկական ու հակաքրդական հայտարարություններ հնչեցնելով:







































