Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Վկաների պաշտպանության ուսումնասիրության արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Այս ուսումնասիրությունը օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ և ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսևորումները»,- նկատեց իրավապաշտպանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Տաթև Մարտինյանն իր հերթին նկատեց, որ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում անցկացրած իրենց դիտարկումների արդյունքում պարզվել է, որ քննչական բաժանմունքներում հարցաքննության առանձին սենյակներ չկան, և վկաների հարցաքննություններն իրականացվում են քննիչների աշխատասենյակներում: «Վկաների հանդեպ հաճախ ֆիզիկական և հոգեբանական բռնություններ են կիրառվում` կորզելու համար ինքնախոստովանական ցուցմունքներ: Մեր գրասենյակ դիմած բազմաթիվ վկաներ պատմում են, որ իրենք խոշտանգվել են հենց հարցաքննությունների ժամանակ: Հաջորդ խնդիրն այն է, որ քննչական բաժիններում չկան վկաների համար նախատեսված առանձին սպասասրահներ: Քննչական բաժանմունքների միջանցքներում հաճախ կուտակումներ են լինում, ինչը վկաների համար միմյանց հետ նախօրոք պայմանավորվելու պարարտ հող է հանդիսանում»,- նկատեց Տաթև Մարտինյանը:
Նրա խոսքով` առերես հարցաքննությունները ևս անցկացվում են քննիչների աշխատասենյակներում, մարդիկ հարցաքննության հրավիրվում են ոչ թե ծանուցագրով, այլ լավագույն դեպքում` հեռախոսազանգով: «Մինչդեռ վկան պետք է պատշաճ կերպով ծանուցվի, որ հրավիրվում է հարցաքննության: Հատկանշական է նաև, որ, օգտվելով վկաների անտեղյակությունից և փաստաբաններ չունենալու հանգամանքից, նրանց հաճախ ստիպում են ցուցմունքներ տալ իր իսկ բարեկամների կամ մերձավորների դեմ: Առանձին քննարկման թեմա է անչափահասների հարցաքննությունը: Հայտնի են դեպքեր, երբ երեխաները հարցաքննվել են հենց տուժողի տանը»:
Քննարկմանը ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովն էլ ասաց, որ վկայի` առանց ահաբեկման ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունը երաշխավորելու համար: «Սա հանցագործությունների բացահայտման էական գործոն է»,- ընդգծեց նա:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչը համաձայնեց շենքային պայմանների վերաբերյալ հնչեցված տեսակետների հետ` միաժամանկ հավելելով, որ քննչական բաժանմունքներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: «Ինչ վերաբերում է վկայի պաշտպանության խնդրին, միանշանակ կողմ ենք, որ փաստաբանության մասին օրենքում ներդրվի անվճար պաշտպանի իստիտուտը»,- նկատեց նա:









































