ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի կազմի մեջ մտնում է 193 անդամ երկիր, ընդունել է բանաձև, որում կոչ է անում խաղաղություն պահպանել Լոնդոնում 2012 թ. նախատեսվող օլիմպիական և պարալիմպիական խաղերի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ այսպես կոչված «Օլիմպիական զինադադարն» ընդունվել է միաձայն: Դրա նպատակն է ապահովել օլիմպիադային մասնակցող մարզիկների կյանքի անվտանգությունը, ինչպես նաև կոչ անել ամբողջ աշխարհի երիտասարդությանը մասնակցել Երկիր մոլորակի վրա խաղաղ կյանքի ապահովմանը:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` 2012 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, Պարալիմպիական խաղերը` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:
Նշենք, որ Հին Հունաստանում նույնպես օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվում էին բոլոր պատերազմները:











































