Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում ներկայում հաշվարկներ են իրականացվում ԱՊՊԱ վճարների հետ կապված: Բյուրոյից «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ շուտով հանդես կգան կամ հայտարարությամբ, կամ մամլո ասուլիսով:
Նշենք, որ թեև ավտոապահովագրող ընկերությունները բողոքում են վթարների շատ և վճարների ցածր լինելուց, սակայն թե՛ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները և թե՛ վիճակագրությունը հակառակն են ասում:
Հիշեցնենք, որ 2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 13 մլրդ 515 մլն 379 հազար դրամ, բավարարվել և վճարվել է 3 մլրդ 343 մլն 731 հազար դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 109 մլն 28 հազար դրամ: Պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 247 մլն 63 հազար դրամ:
Կոպիտ հաշվարկներով երևում է, որ ԱՊՊԱ զուտ եկամուտն այս պահին կազմել է 10 մլրդ 135 մլն 957 հազար դրամ: Զուտ շահույթից խոսելը դեռ վաղ է, քանի որ պետք է հաշվի առնել նաև գործակալությունների կատարած ծախսերը, սակայն ամեն դեպքում ԱՊՊԱ-ն բողոքելու տեղ չունի:











































