Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Վերջինս նշել է. «Մենք լավատեսորեն տրամադրված չենք։ Կարծում եմ, որ դա կլինի կարճատև հանդիպում, եթե Ռուսաստանը չփոխի իր ներկայիս դիրքորոշումը։ Շվեյցարիայի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլը կշարունակվի հոկտեմբերի 20-ին»։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-8-ը, որի տապալումից հետո վրացական կողմը հայտարարել էր, թե ավելի լավ կլիներ բանակցությունների հերթական փուլի անցկացումը թողնել հաջորդ տարի։