Օրեգոն նահանգը ներկայացնող կոնգրեսական Դավիդ Վուի՝ սեռական սկանդալի պատճառով տված հրաժարականից հետո, նրա տեղի համար պայքարողների մեջ կա նաև մի հայազգի գործիչ` Բրեդ Ավագյանը, որը սկսել է հանգանակություններ հավաքել ԱՄՆ հայաշատ նահանգներում` ապահովելու համար իր քարոզարշավի ֆինանսական միջոցները: Տեղի մամուլը նշում է, որ Վուի քարոզարշավի ժամանակ Ավագյանը քննադատում էր նրան` ասելով, թե Վուն օգտագործում է չինական համայնքի գործոնը` այդ պաշտոնում ընտրվելու համար:
Հիմա Ավագյանը կարծես մոռացել է իր այդ քննադատության մասին և դիմել է նմանատիպ քայլի: Անցած ամիս նա հանգանակության երեկոներ է կազմակերպել Օհայո և Կալիֆոռնիա նահանգներում: «Հայկական համայնքը երկրի ամբողջ տարածքում շատ շահագրգռված է Կոնգրեսում ունենալ մի մարդու, որը առաջ կմղի նրանց խնդիրները»,- ասել է Ավագյանը Associated Press գործակալությանը: Ավագյանը նշել է, որ իր քարոզարշավը տարբերվում է Վուի քարոզարշավից, քանի որ գումարների մեծ մասը, այդուամենայնիվ, ինքը ստանալու է Օրեգոն նահանգից, որտեղից պատրաստվում է ընտրվել կոնգրեսական:
Նշվում է, որ Ավագյանի տատիկն ու պապիկը 1915 թ. մազապուրծ են եղել Թուրքիայի արևելյան շրջաններից, հանդիպել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ ամուսնացել են: Հայկական համայնքն Օրեգոնում շատ փոքր է` մոտ 300 ընտանիք: Եվս մի քանի հարյուր ընտանիք ունեն հայկական ծագում, սակայն համայնքում ընգրկված չեն։









































