Այսօր «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի հիմնադրած կոոպերատիվների կին անդամները կազմակերպեցին իրենց աճեցրած ավանդական և ոչ ավանդական գյուղմթերքի ցուցադրություն և հյուրասիրություն`Գյուղի կանանց միջազգային օրվա առիթով:
Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց «Օքսֆամ» Հայաստանի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, միջոցառումը նպատակ ունի շեշտադրել գյուղի կանանց տնտեսական հզորացման ու տնտեսական հավասար հնարավորությունների անհրաժեշտությունը: «Ասօրվա միջոցառումը հիմնականում տնտեսական հնարավորությունների բարելավմանն է ուղղված: Մենք միանում ենք «Օքսֆամի» միջազգային արշավին` «Grow. Աճեցնենք ավելին, կերակրենք մոլորակը»: Այսօր այնպիսի գործոններ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը՝ ազդում է գյուղմթերքի վրա և այստեղ մեծ ներդրում ունեն գյուղի կանայք»,- ասաց Մ. Հակոբյանը` հավելելով, որ օգնում են կանանց Տավուշի և Վայոց ձորի մարզերում:
Ըստ նրա` հիմնական նպատակը փոքր ֆերմերների դիրքերը մեծ շուկայում ամրապնդելն է, քանի որ խնդիրներ կան նաև արտահանման հետ կապված, և իրենք կարողացել են վերամշակող կազմակերպությունների հետ համագործակցել, որոնք նպաստում են ֆերմերներին ավելի մատչելի դարձնել շուկան և այդ արժեշուկայում իրենց դիրքերն ապահովել:
Տեղեկացնենք, որ գյուղմթերքի շուկայում իրենց ոչ ավանդական և ավանդական մթերքներն էին ներկայացնում Տավուշի և Վայոց ձորի ֆերմերները, ովքեր բոլոր հյուրերին ներկայացնում և հյուրասիրում էին իրենց տարածաշրջանին բնորոշ մթերքները: Կին ֆերմերները այս տարի առաջին անգամ աճեցրել էին փոքրիկ լոլիկներ` նախատեսված պահածոյացման համար և այլ ոչ ավանդական մթերքներ:
Միջոցառման բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի կառավարության և դոնոր կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, «Օքսֆամի» և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:











































