«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, Դուք երեկ հայտարարեցիք, որ պատրաստվում եք միանալ Հայ ազգային կոնգրեսին: Ինչո՞վ կբացատրեք Ձեր այդ որոշումը:
– ՀԱԿ-ն այսօր միակ ուժն է, որը պայքարում է անարդարության դեմ, և ես համարում եմ, որ ՀԱԿ-ի մեջ շատ ու շատ մարդիկ կան, իհարկե` ոչ բոլորը, բայց արդարները շատ են, ու հենց այդ պատճառով ես որոշել եմ միանալ նրանց:
– Պարոն Կարապետյան, իսկ ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ Դուք անընդհատ քննադատում էիք ՀԱԿ-ի գործողությունները, նշում էիք, որ չեք հավատում իրենց պայքարին, որ նրանք ժողովրդին օգտագործում են, հիմա ի՞նչ է փոխվել:
– Դե, այն ժամանակ համարում էի, որ նրանց գործողությունները ձևական են, համարում էի, որ իրական քայլեր չեն անում, և երբ ՀԱԿ-ը սկսեց երկխոսել իշխանության հետ, ես կարծում էի, որ դա է հենց ՀԱԿ-ի բուն նպատակը, բայց հետո տեսա, որ նրանք դրանով չբավարարվեցին, ինչն էլ նշանակում է, որ նրանք իրենց առջև ավելի լուրջ խնդիրներ են դրել, քանզի եթե խնդիրները լուրջ չլինեին, ապա իշխանությունները կկարողանային ՀԱԿ-ի հետ լեզու գտնել: Սրանից կարելի է կարծել, որ ՀԱԿ-ի պայքարն իրոք ավելի խորն է, և դա ինձ ձեռք է տալիս:
– Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա նստացույցերը ևս Ձեր որոշման պատճառ են հանդիսացել:
– Այո՛, ինչու ոչ, ավելին` ես ցանկանում էի գնալ հրապարակ, բայց որ ասել էին, թե մի շաբաթով էր լինելու, դա ինձ մի քիչ հետ պահեց: Մի խոսքով, ես ուզում եմ, որ պայքարն ավելի վճռական լինի:
– Այդ դեպքում, Դուք ակնկալում եք, որ հոկտեմբերի 28-ի հանրահավաքն ավելի վճռակա՞ն է լինելու:
– Ես մտածում եմ, որ Ժողովրդական շարժման միացումը ՀԱԿ-ին որոշակիորեն նոր զարկ կտա պայքարին, որովհետև բոլորս էլ որոշակի անվստահության խնդիր ունենք, և ժողովուրդը ցանկանում է տեսնել միացում: Օրինակ` ժամանակին «Արդարություն» դաշինքը ժողովրդին վստահություն ներշնչեց այն պատճառով, որովհետև այնտեղ էլ միացում կար, այդ միացումը մարդկանց նոր հույսեր կտա:
– Պարոն Կարապետյան, իսկ Ձեր միացումը ենթադրո՞ւմ է, որ Ձեր` «Ժողովրդական» կուսակցությունը առաջիկայում կդառնա ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից մեկը:
– Ո՛չ, դեռ ոչ, այդպիսի բան չկա, ես ուղղակի ուզում եմ իմ քայլով որոշակիորեն նոր երանգ մտցնել պայքարի մեջ, որ ժողովուրդը տեսնի, որ եթե ես վստահում եմ, ուրեմն վստահելու խնդիր կա: Ամեն դեպքում, իմ միացումով վիճակը կփոխվի դեպի լավը: Բոլորի մոտ է համակիրների նվազում, իսկ դրա պատճառն այն է, որ ժողովուրդը չի տեսնում լուրջ, հզոր միություն, որովհետև ժողովուրդը, մեծ հաշվով, ցանկանում է ձերբազատվել այս իշխանություններից:
– Դուք նշում եք, որ վճռական գործողությունների կողմնակից եք, եթե ՀԱԿ-ը չգնա Ձեր ցանկացած վճռական ուղիով, ապա այդ դեպքում Դու ի՞նչ դիրքորոշում կունենաք:
– Ես ասել եմ, որ եթե չտեսնեմ վճռական գործողություններ, ապա իմ միացման մեջ իմաստ չկա: Ճիշտ է, վճռական` չի նշանակում գնանք փրթենք-թափենք, բայց եթե գործողությունները եկարաժամկետ և լուրջ չլինեն, ապա դրանք իմ համար ընդունելի չեն լինի, և այդ մասին ես, այսինքն` մեր տղաները, ասել են ՀԱԿ-ին:
– Այսինքն` Ձեր ներկայացուցիչները հանդիպե՞լ են ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:
– Այո՛, հանդիպում եղել է, և ամեն ինչ խոսում է այն մասին, որ վճռական են տրամադրված:
– Իսկ այդ դեպքում, Ձեր ստեղծած «Ազգային ճակատի» ճակատագիրն ի՞նչ է լինելու:
– Դե, հենց Ճակատն է թելադրում այսօր, որ մենք համագործակցության եզրեր գտնենք ՀԱԿ-ի հետ:





































