Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց «Արևորդի» բնապահպանական երրորդ միջազգային փառատոնը, որն ավանդաբար բացվում է դիմակահանդեսով: Դրան մասնակցեցին ավելի քան 500 մասնակիցներ Երևանի և մարզերի ամենատարբեր կրթօջախներից: Դիմակահանդեսն այնուհետ շարժվեց դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ նրանց դիմավորեցին աղբի թափոններից պատրաստված հսկայական կենդանիներն ու Երևանի երաժշտական դպրոցների սաները, որոնք իրենց կատարումներով ուրախություն էին պատճառում հրապարակում հավաքված մարդկանց:
Դիմակահանդեսի մասնակից երեխաները կրում էին բնապահպանական թեմաներով` ծառի, կենդանիների, ծաղիկների ու թռչունների տեսք ունեցող հագուստներ, բնապահպանական կոչերով պաստառներ: Դիմակահանդեսի մասնակից երեխաների խոսքով` իրեք մասնակցում են փառատոնին` նպատակ ունենալով կոչ անել մարդկանց, որ պահպանեն բնությունը, հատկապես ծառերը:
Փառատոնի պաշտոնական բացումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում նախատեսված է ֆրանսիացի հայտնի վավերագիր Պատրիկ Ռուսելի «Կանաչ» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ցավոք, հայ կինոռեժիսորները բնության մասին որևէ ֆիլմ չեն ներկայացրել: Նրա խոսքով` այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կկազմակերպվեն բացօթյա ցուցահանդեսներ:
Փառատոնի բացման շրջանակում ժ. 21:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա երկժամանոց բացօթյա համերգ` «Բամբիռ» ռոք խմբի կատարմամբ:
Փառատոնն այս տարի կրում է՝ «Քո հետքը բնության մեջ» խորագիրը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:











































