Այս տարի գրանցվել է բանակում խաղաղ պայմաններում զոհերի 30 դեպք: Այսօր բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների սպանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը`ընդգծելով, որ եթե համեմատենք այս տվյալը անցյալ տարվա հետ, ապա «կտեսնենք նույն վիճակը»:
«Եթե ռազմական ոստիկանությունը օպերատիվ տիրապետում է իրավիճակին, ապա ինչո՞ւ չեն օպերատիվ կանխարգելում նման դեպքերը: Սա նշանակում է, որ զինվորներին լավ չեն հրահանգավորում»,- նշեց Ա. Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի տեղեկությունների` կրակային պատրաստության ժամանակ շատ քիչ փամփուշտներ են տրամադրում զինծառայողներին, որը նշանակում է, որ շատ քիչ է զինծառայողների իրար վնաս հասցնելու հավանականությունը:
«Նախաքննական մարմինը իրավունք չունի առանց քննելու եզրակացություն տալ: Կա վիճակագրություն, որ 1994 թվականի մայիսի 12-ից սկսած գրանցվել է 1500 սպանության դեպք, բայց առավել հավանական եմ համարում 3000 թիվը: Այս տվյալը ճշտելու համար մենք տեղեկատվության հարցում ենք ուղարկել Պաշտպանության նախարարություն, և եթե նախարարությունը հակված է թափանցիկ և հաշվետու աշխատելու, ապա պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել»,- մեկնաբանեց իրավապաշտպանը`հավելելով, որ վերջին մի քանի տարիներին նույն վիճակն է բանակում:
Ի պատասխան լրագրողի այն հարցին՝ կարո՞ղ է ասել, թե 30 դեպքերից քանի՞սն է սպանություն, քանիսը` ոչ, Սաքունցն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, և մենք վերջնական արդյունքները չունենք, այդ պատճառով չենք կարող ճշգրիտ եզրակացություններ անել: «Բայց քանի որ Պաշտպանության նախարարության քննչական բաժինն է նման հաղորդում տալիս, ապա ես դրանք չեմ կարող հիմք ընդունել»,- ամփոփեց Ա. Սաքունցը:








































