Գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են՝ 20%-ից ավելի, և ձեռնտու չեն: Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչ Գագիկ Բաբախանյանի խոսքով, շահավետ չեն անգամ համեմատաբար ցածր տոկոսներով ծրագրային վարկերը. «Ես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով վարկ եմ վերցրել, առաջին վարկառուներից մեկը ես եմ, 12%-ով եմ վերցրել, բայց եթե հիմա ինձ նույնիսկ 6%-ով վարկ առաջարկեն, ես կհրաժարվեմ, քանի որ այդ պայմաններով, այդ տոկոսադրույքով վարկը չի տալու իր արդյունքը, որովհետև, օրինակ, ջերմոցային տնտեսության ինքնարժեքը նորից շատ բարձր է ստացվում»:
Ըստ նրա՝ ջեռուցման համար օգտագործում է ցածր կալորիականությամբ, անորակ գազ և դրա դիմաց ֆերմերը վճարում է բարձր գներով, իսկ դրան զուգահեռ չի ապահովվում բարձր բերքատվություն, որ գյուղացին և՛ իր վարկերը փակի, և՛ գազի գին վճարի, և՛ իր ընտանիքը պահի, և՛ նորից վերարտադրություն կազմակերպի:
Գյուղացու խոսքով՝ կառավարությունն իր հնարավորության սահմաններում փորձում է աջակցել. «Նախորդ տարիների հետ համեմատել չի կարելի: Իշխանություններն ուզում են ինչ-որ տեղ գյուղացուն օգնած լինել, թեկուզ այս տարվանից տրամադրում են վարկեր, բայց դա էլ չի շտկելու դրությունը`նախ գումարը քիչ է, գյուղացուն պետք է ավելի ցածր տոկոսներով վարկ տրամադրվի, երկար ժամկետով և նորմալ պայմաններով, որպեսզի գյուղացին կարողանա փակել:
Այլապես վարկը փակելու համար նորից ստիպված ավելի բարձր տոկոսով վարկ են վերցնում, որ գույքը չբռնագանձեն, հետո էլ ստիպված վաճառում են ունեցվածքն ու արտագաղթում»:











































