Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում հայտնվել են առաջին էլեկտրամոբիլները։ Դրանք գնել է Մցխեթ-Մթիանեթի շրջանի ղեկավարությունը՝ Մցխեթ պատմական քաղաքի համար։
Էկոլոգիապես մաքուր և վեցտեղանոց այդ 8 էլեկտրամոբիլները բերվել են Չինաստանից և ծառայելու են զբոսաշրջիկներին։ Վերջիններս դրանցով կուղևորվեն տեղի երկու վանքեր։ Տեղափոխության վճարը լինելու է խորհրդանշական։
Էլեկտրամոբիլների առավելագույն արագությունը կազմում է 40 կմ/ժամ, դրանց լիցքը բավարար է 100 կիլոմետր ընթացքի համար։
Նշվում է, որ տարեսկզբին Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան հայտարարել էր, որ 2011 թվականին Վրաստանը ներկրելու է հազար էլեկտրամոբիլ։ Ըստ Կոբալիայի՝ կառավարությունն աշխատում է «Կանաչ Վրաստան» հնգամյա ծրագրի վրա, որն ենթադրում է էլեկտրամոբիլների ներկրում, ինչպես նաև դրանց արտադրություն։
Ավելի վաղ էլեկտրամոբիլների արտադրության գործարանի կառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։











































