Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վճռական քայլերի դիմել` որսորդությունը եկամտաբեր առևտրային ոլորտ վերածելու համար`հաշվի չառնելով այն կարգավորող օրենսդրական սահմանափակումների վերացման բնապահպանական հետևանքները:
Վրաստանի խորհրդարանի բնապահպանական հանձնաժողովն արդեն իսկ սկսել է քննարկել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան [Վրաստանում գրանցված] բոլոր կենդանատեսակների և թռչունների արտոնագրված որս կազմակերպել անգամ ազգային պարկերում և արգելոցներում:
Բնապահպանական կազմակերպություններն արդեն իսկ դիմել են խորհրդարանին`պահանջելով կասեցնել օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որոնք, ըստ նրանց, վտանգում են վրաստանյան արջերի, եղջերուների և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների գոյությունը:
«Մենք կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունները խիստ բացասական արդյունքներ են ունենալու: Մասնավորապես, Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանիներ կհայտնվեն ոչնչացման սպառնալիքի տակ: Եթե ազգային պարկերում որս կազմակերպելը թույլատրվի, ապա Վրաստանում համարյա այլևս տարածք չի պահպանվի, որտեղ վայրի կենդանիները կկարողանան բազմանալ բնական պայմաններում», – նշվում է «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») հասարակական կազմակերպության և «NACRES» բնապահպանական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:
Բնապահպանների խոսքերով`օրենսդրական փոփոխությունների և որսորդական զբոսաշրջության զարգացման արդյունքում կարելի է կարճաժամկետ կտրվածքով շահույթ ակնկալել, սակայն երկարաժամկետ կտրվածքով ոչնչացման եզրին կհայտնվեն այնպիսի կարևորագույն կենդանատեսակներ, ինչպիսիք են բեզոարյան այծը, որի թվաքանակն ավելացել է միայն բնապահպանության ոլորտում կատարված ներդրումների շնորհիվ:
«Վայրի այծերի որսն օրինականացվելու է այն ժամանակ, երբ այս տեսակին պատկանող ընդամենը մի քանի կենդանի է մնացել: Վայրի այծերի գլխաքանակն ավելացնելու համար արտասահմանից են այս ցեղատեսակին պատկանող կենդանիներ ներմուծվել: Նշանակում է`որսորդը, վճարելով 100 լարի, կոչնչացնի այն, ինչի վրա միլիոններ են ծախսվել», – դժգոհում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի ներկայացուցիչ Ռեզո Գեթիաշվիլին:
Նրա խոսքերով`որսի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական սահմանափակումների վերացման դեպքում, կվտանգվի նաև բնապահպանության ոլորտին հատկացվող ֆինանսական օգնությունը, որը Վրաստանը ստանում է ԵՄ և ՄԱԿ-ի կողմից:
Օրենսդրական փոփոխությունների նախագծի հեղինակները`խորհրդարանի պատգամավորներ Պավլե Կուբլաշվիլին, Կախաբեր Անջափարիձեն և Զվիադ Կուկավան պնդում են, որ այն չի հակասում Վրաստանի միջազգային պարտավորություններին:
«Օրենքի վերանայման հիմնական նպատակը որսի կազմակերպման ընթացակարգը պարզեցնելն է, ինչը [եկամտաբեր կլինի] և թույլ կտա ավելացնել մատուցվող հանրային ծառայությունների քանակը», – նշվում էր օրենսդրական նախագծին կից ներկայացվող պարզաբանման մեջ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա առ այսօր վերջիններս դեմ չեն արտահայտվել օրենսդրական փոփոխություններին, իսկ նրանց անդամներից ոմանք անգամ այդ առաջարկները որպես առաջխաղացում են բնորոշել:
«Որսորդական զբոսաշրջությունը 10 անգամ ավելի շահավետ կլինի Վրաստանի համար, քան սովորական զբոսաշրջությունը: Բազում անիմաստ սահմանափակումներ կան, և ես ուրախ եմ, որ խորհրդարանը ներկայում գիտակցում է այս օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը», – ասում է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն, որը նաև որսորդական կազմակերպություն սեփականատեր է:
Սակայն այս կարծիքը ոչ բոլորն են կիսում:
Որսորդական արտոնագրերի տրամադրմամբ և որսորդական համայնքի շահերը ներկայացնող «Որսորդների միության» անդամ Գոգիտա Լոբիձեն զարմանում է, թե ինչու են իշխանությունները պատրաստվում թույլատրել արգելոցներում բնակվող կենդանիների որս իրականացնել:
«Նույնիսկ առանց օրենքի առկայության, փորձառու որսորդները գիտեն, որ պետք է պահպանել այնպիսի հազվագյուտ կենդանատեսակները, ինչպիսիք են լեռնային վայրի այծերը: Օրենքն առ այսօր զսպում էր որսագողներին, իսկ ի՞նչ կլինի այժմ: Եթե վճարում ես, ուրեմն կարող ես ուզածդ անե՞լ», – տարակուսում է նա:
Զուրա անունով որսորդներից մեկն իր հերթին ասում է, որ գործող օրենքն իսկապես փոփոխությունների կարիք ունի, սակայն առաջարկվող փոփոխությունները չափազանց հեռուն են գնում:
«Գայլերը կարող են ընտանի կենդանիներին ոչնչացնել վրացական գյուղերում, բայց մարդիկ ոչինչ չեն կարող անել, որովհետև գայլերի որսն արգելվում է և պատժվում բարձր տուգանքներով: Իհարկե, այս ամենը պետք է փոխել: Լավ կլիներ, որ եղջերուների որսը թույլատրեին: Սակայն նման որոշումները պետք է ընդունվեն`բնապահպանական և հանրային շահերից ելնելով, ոչ թե միս կամ փող ձեռք բերելու համար», – ասում է նա:
«Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանյան հասարակական կազմակերպությունը համամիտ է որսորդների հետ`նշելով, որ օրենսդրական փոփոխությունների պատճառով շրջակա միջավայրը վերածվելու է առևտրային ոլորտի: Կազմակերպության համակարգող Իրակլի Մաչարաշվիլին նշում է, որ օրենսդրական առաջարկի դրական արդյունքը կլիներ այն, որ վճռական քայլեր կձեռնարկվեին որսագողության դեմ:
Այնուամենայնիվ, նրա խոսքերով, այս փոփոխությունների առավել հավանական արդյունքը վերահսկողության պակասն է լինելու:
Մաչարաշվիլին, սակայն, նշում է նաև, որ օրենսդրական նախագծի հետ համատեղ ներկայացված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ փոփոխությունները հավելյալ ծախսեր չեն պահանջի, և վտանգված կենդանատեսակների որսը կվերահսկվի Վրաստանի բնապահպանության նախարարության կողմից: Նույն նախարարությունը վերջերս զրկվել էր իր մի շարք լիազորություններից, իսկ նրա շրջանակներում գործող բնապահպանական տեսչությունը փակվել է 3 ամիս առաջ (Տե´ս «Վրաստան. բնապահպանության նախարարության իրավասությունները խիստ կրճատվում են» հոդվածը):
«Որսորդությունն իրականում չի վերահսկվի: Պարզապես ոչ ոք չկա, որ այդ վերահսկողությունն իրականացնի», – ասում է Մաչարաշվիլին:
Հեղինակը Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրենն է:
Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:









































