– «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի փոխնախագահ Գուրբան Նազարովը լրագրողներին հայտնել է, որ պլանավորված է մինչև տարեվերջ 400 միլիոն դոլար ծախսել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի վրացական հատվածի կառուցման վրա… Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծը սկսվել է 2007թ., Ձեր կարծիքով` ի՞նչն է խանգարում դրա իրականացմանը, արդյո՞ք այստեղ կա քաղաքական ենթատեքստ:
– Չեմ կարծում, որ այս նախագծի իրականացման և ավարտին հասցնելու հարցում կա քաղաքական ինչ-որ խոչընդոտ: Ընդհանուր առմամբ, նման մեծ մասշտաբների ծրագրերի իրականացման հարցում ամենաառաջին խնդիրը ֆինանսավորումն է և հենց դրա պառճառով շատ են եղել ծրագրեր, որոնց հաստատված գրաֆիկը ձգձգվել է: Այնպես որ, կարծում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման հարցում կան վերջնականապես չհստակեցված ինչ-ինչ ֆինանսական հարցեր, քանզի ես չեմ պատկերացնում, թե ում դեմ կարող է ուղղված լինել այս նախագիծը, որպեսզի այստեղ քաղաքական խոչընդոտներ փնտրենք:
– Պարոն Ցինցաձե, այսօր բոլորը խոսում են այն մասին, որ Հարավային Կովկասը պետք է հանդես գա իբրև մեկ ընդհանրություն և պետք է միասնական լինի, չե՞ք կարծում, որ նման ծրագրերը, որոնք շրջանցում են Հարավային Կովկասի երկրներից մեկին` Հայաստանին, չեն նպաստում այդ միասնականության կայացմանը:
– Կարծում եմ` եթե լինի բարի կամքի դրսևորում և եթե լինի համաձայնություն Բաքվի և Երևանի միջև և չլինի ղարաբաղյան խնդիր անվանումով դամոկլյան սուրը, ապա այդ հարցը շատ հեշտ կլուծվի, և երկաթգիծը Հայաստան հասցնելը կլինի միայն տեխնիկական խնդիր, ինչը արդեն իսկ խնդիր չէ: Հենց այստեղ է, որ քաղաքականությունը բացասական դեր է խաղում, քանզի ամենաառաջնայինն այսօր Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է լուծվի, և երբ այդ հարցը լուծվի ու այլևս չլինի նման քաղաքական խոչընդոտ, ապա այդ ժամանակ կանաչ լույս կվառվի կառուցողական համագործակցության համար: Այսօր Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի բոլոր ընկերները անկեղծ կոչ են անում համագործակցել, որովհետև հարավկովկասյան այս երկրները օրգանապես կապված են միմյանց հետ: Եթե մենք բոլորս ցանկանում ենք համաշխարհային քաղաքականության մեջ ձայնի իրավունք ունենալ, ապա մեր մեջ չպետք է լինեն տարաձայնություններ: Եվ հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, քանզի այստեղ միմյանց են բախվել երկու կարևոր սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը, իսկ քանի որ ինքնորոշումը բացի տվյալ երկրի կազմից դուրս գալուց (սեցեսիա) և անկախ պետության ստեղծումից, նաև այլ որոշումներ է իր մեջ պարունակում, ապա, անշուշտ, այստեղ իմաստություն է պահանջվում երկու կողմից էլ:
– ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մտադրություն ունի եվրասիական միություն ստեղծել: Վրաստանի նախագահը, գնահատելով Պուտինի առաջարկը, նշել էր, որ դա «ամենավայրի գաղափարն է» և նոր ԽՍՀՄ-ի ստեղծում է նշանակում: Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է հավանական նման միության ստեղծումը և Հարավային Կովկասից ո՞ր երկրները կմտնեն դրա մեջ:
– Իմ հաշվարկներով Հայաստանը 50 տոկոսով արդեն իսկ այդ միության մեջ է գտնվում, իսկ ինչ վերաբերում է Վրաստանի և Ադրբեջանի անդամությանը, ապա կարծում եմ` դա պակաս հեռանկարային է, որովհետև Մոսկվան ինքը դեռևս չի կողմնորոշվել, թե Եվրասիական միությունն ինչ է իրենից ներկայացնելու` այնպես, ինչպես ի սկզբանե հստակ չէր, թե ինչ է իրենից ներկայացնելու ԱՊՀ-ն: Ելցինը ականջի ծայրով ինչ-որ տեղ լսել էր բրիտանական ազգերի համագործակցության մասին և որոշել էր դրա անալոգը ստեղծել` ԱՊՀ-ն, բայց տեսանք` ինչ ստացվեց: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ այսօր Մոսկվան ցանկանում է ԽՍՀՄ-ի նմանությամբ ինչ-որ մի բան ստեղծել, բայց առանց այն շռայլ ձեռքի, որով Մոսկվան ԽՍՀՄ ժամանակ կերակրում էր բոլորին` ի հաշիվ քաղաքական լոյալության: Այն ժամանակ Մոսկվան ասում էր` ես ձեզ կկերակրեմ, միայն թե դուք տեղից չշարժվեք, չբարձրացնեք ձեր անկախության հարցը: Իսկ այսօր քաղաքական տեսանկյունից Մոսկվան կրկին առաջարկում է, որ բոլոր երկրները` սկսած Մերձբալթիկայից, վերջացրած Հարավային Կովկասի 3 երկրներով, ենթարկվեն իրեն, բայց ինչ վերաբերում է գազի, նավթի և այլ բնական ռեսուրսների գներին, ապա դրանք չեն փոփոխվելու և էժան չեն լինելու, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Իսկ ո՞վ կմտնի նման միության մեջ: Եվ հենց լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, ապա ես չեմ կասկածում, որ այնպիսի իմաստուն ժողովուրդ, ինչպիսին հայերն են, արդեն այլ կերպ կվերաբերվեն Մոսկվայի հետ նման հարաբերություններին: Իսկ այդ հակամարտության առկայության պայմաններում այդ հարաբերությունները անվտանգության երաշխիք են համարվում, համենայնդեպս, նման կերպ են մտածում Երևանում, բայց հենց այդ վտանգը չլինի, ապա այդ ժամանակ այլ իրականություն կլինի, այլ կլինեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իսկ այսօր Մոսկվան այդ խնդիրն օգտագործելով որպես պատանդ է պահում Հայաստանին և ինչ-որ չափով նաև Ադրբեջանին:
– Իր տարածաշրջանային այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Վրաստանում հույս էր հայտնել, որ Մոսկվան և Թբիլիսին կհաշտվեն: Այդ հայտարարությունից հետո Սաակաշվիլին ասել էր, թե պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, քանզի նա է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Ձեր կարծիքով` այդ հանդիպումը կիրականանա՞ և հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի և Վրաստանի միջև հաշտությունը:
– Այդ հաշտությունը ցանկալի է, քանզի հարևաններին, ինչպես և ծնողներին չեն ընտրում և Ռուսաստանն այս տարածքից ոչ մի տեղ չի գնալու, Վրաստանը` նույնպես, այնպես, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք և մեր հաջորդ սերունդները պետք է ապրեն այս տարածքում, այդ իսկ պատճառով վաղ թե ուշ մենք կպայմանավորվենք Մոսկվայի հետ, բայց հարց է, թե ինչ գնով: Իհարկե, ի հաշիվ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչման և մեր տարածքների օկուպացիայի լեգիտիմության` Վրաստանը երբեք չի գնա Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, ինչքան էլ որ այս աննորմալ վիճակը չձգվի:
– Ձեր գնահատմամբ` ո՞ր երկիրը կարող է հանդես գալ ռուս-վրացական հաշտեցման գործում որպես միջնորդ:
– Իհարկե, քաղաքակիրթ աշխարհը` Եվրոպան և Միացյալ Նահանգները, ինչպես նաև այդ հաշտեցմանը կարող է շատ օգնել նավթի գնի իջեցումը:











































