ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ ԽՎ ընթացքում ՄԽ համանախագահները քննարկել են խաղաղապահների տեղակայման հարցը, նշեց. «Ադրբեջանական լրատվամիջոցների և պաշտոնատար անձանց դատողությունները երբեք չեմ մեկնաբանել և երբեք չեմ մեկնաբանելու»:
Ինչ վերաբերում է ամերիկացի համանախագահ Բրադտկեի հայտարարությանը, թե հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա, ինչպես նաև ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման 6 տարրերի ուղղությամբ, Սաֆարյանը ասաց, որ պետք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հարցնել, թե արդյո՞ք նրանք նման բան ասել են:
Սաֆարյանը նկատեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում հնչած ելույթներից պարզ է դարձել, որ երեք սկզբունքները իսկապես կազմում են բանակցությունների հիմքը, ինչպես նաև այդ հիմքն են կազմում այն 6 կետերը, որոնք անվանվում են բազային կամ հիմնարար սկզբունքներ. «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ ամբողջովին նույնական է` բազային սկզբունքները կազմում են մեկ ամբողջություն և նրանցից որևէ մեկը ոչ կարող է առաջ ընկնել, ոչ էլ կարող է առաջնայնություն ստանալ: Կամ մենք ընդունում ենք բազային սկզբունքները որպես ամբողջություն և բանակցում ենք դրանց հիման վրա, կամ դա չենք անում, ինչն էլ նշանակում է բանակցությունների ձախողում»:








































