Այսօր նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2011 թ. հուլիսի 14-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրին։
Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց, որ ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 20 քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական, առաջնահերթ միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը։
Ներդրման ընդհանուր ծավալը 20 մլն եվրո է, որից 6.5-ական մլն եվրոն հատկացնում են ՎԶԵԲ-ը և Եվրոպայի ներդրումային բանկը, իսկ 7 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու է ԵՄ Հարևանության ներդրումային ֆոնդը:
Ա. Անդրեասյանի խոսքով՝ վարկային ծրագիրը 15 տարով է, տոկոսդրույքը՝ 2%: Եվս 1.7 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվելու է նախագծման և տեխնիկական վերահսկողություն սահմանելու համար:









































