Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի երկաթուղիններ» ՓԲԸ-ի փոխնախագահ Գուրբան Նազարովը լրագրողներին հայտնել է, որ պլանավորված է մինչև տարեվերջ 400 միլիոն դոլար ծախսել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի վրացական հատվածի կառուցման վրա։
Նա նշել է, որ ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման աշխատանքների 60-70 տոկոսն ավարտված է. «Մենք պլանավորել ենք, որ 2012 թվականի վերջին ԲԹԿ-ով ընթանալու է առաջին փորձնական գնացքը։ Չինաստանը, Ղազախստանը և այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ԲԹԿ-ի նկատմամբ։
2013 թվականից սկսած՝ ադրբեջանական ու վրացական կողմերը պլանավորել են գնել նոր մարդատար վագոններ։ Կարծում եմ, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում։ Ներկայումս մենք արագացնում ենք վրացական հատվածի կառուցման գործընթացը։ Չնայած նրան, որ ձմռանը որոշակիորեն բարդանում է շինարարությունը, այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել նաև այդ ժամանակ»։
Իսկ «Ադրբեջանի երկաթուղիններ» ՓԲԸ-ի նախագահ Արիֆ Ասկերովն իր հերթին հայտարարել է, որ ԲԹԿ-ով երթևեկելու են ոչ միայն բեռնատար, այլև մարդատար գնացքներ։ Ասկերովի խոսքերով՝ այդ գնացքները պատվիրվելու են Իսպանիայում։
Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը»՝ միմյանց միջև հաղորդակցային և էներգետիկ համագործակցության խորացման մասին:
Այդ պայմանավորվածությամբ նախատեսվում էր կառուցել Թուրքիան (Կարս) Վրաստանին (Ախալքալաք) կապող 98 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68 կիլոմետրը՝ թուրքական տարածքում, իսկ 30 կիլոմետրը՝ վրացական: Բացի այդ, պետք է արդիականացվեր երկաթգծի վրաց-ադրբեջանական հատվածը:
Երկաթգծի թողունակությունը մոտ հեռանկարում կազմելու է տարեկան 25-30 միլիոն տոննա բեռնափոխադրություն («Գյումրի-Կարս» երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում էր 10 միլիոն տոննա), իսկ ներկայումս՝ 17 միլիոն տոննա։
2007 թվականին Ադրբեջանը համաձայնել էր Վրաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի վարկ՝ ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման համար։ Այն ժամանակ ԲԹԿ-ի նախագիծը գնահատվում էր 600 միլիոն դոլար։
Սակայն երբ վերջին շրջանում հայտնի դարձավ, որ ԲԹԿ-ի նախագիծը կրկնակի թանկացել է՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի, Ադրբեջանը ստիպված եղավ հավելյալ 575 միլիոն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին՝ վարկի ընդհանուր գումարը հասցնելով 775 միլիոն դոլարի։







































