«SpaceX»-ը հինգշաբթի վերջին պահին չեղարկել է «Starship» հրթիռի 13-րդ փորձնական թռիչքը Տեխասից։ Արձակումը դադարեցվել է մեկնարկից ընդամենը վայրկյաններ առաջ՝ շարժիչներից մի քանիսի խափանման պատճառով։
«SpaceX»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ արձակման նոր փորձը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։
Արձակման չեղարկումից հետո ընկերության բաժնետոմսերը արտաբորսայական առևտրում նվազել են շուրջ 3 տոկոսով։ Հինգշաբթի օրվա առևտրի ավարտին դրանք կազմել են 131,11 դոլար՝ առաջին անգամ իջնելով նախնական հրապարակային տեղաբաշխման (IPO) 135 դոլար արժեքից։
«Որոշ շարժիչներ չգործարկվեցին, ինչի հետևանքով մեկնարկն ավտոմատ կերպով չեղարկվեց», – X սոցիալական հարթակում գրել է Իլոն Մասկը։ Նա չի հստակեցրել, թե «Super Heavy» արագացուցիչի 33 «Raptor» շարժիչներից քանիսն են խափանվել, սակայն նշել է, որ դրանցից երկուսը կապամոնտաժվեն և կփոխարինվեն՝ հաջող թռիչքն ապահովելու նպատակով։
«Արձակման ամենահավանական ժամկետը հաջորդ շաբաթվա սկիզբն է», – հավելել է Մասկը։
«Starship»-ի արձակումը նախատեսված էր Տեխասի հարավում գտնվող «Starbase» տիեզերակայանից՝ ԱՄՆ Կենտրոնական ժամանակով ժամը 17:45-ին։ Շարժիչները գործարկվել էին, սակայն կարճ ժամանակ անց ավտոմատ համակարգը դադարեցրել էր արձակման գործընթացը։










































