BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ վրացական գինու մատակարարումները Ռուսաստան կարող են վերսկսվել, եթե վրացի արտադրողները կարողանան ապացուցել իրենց արտադրանքի որակը։
Օնիշչենկոյի խոսքերով՝ վրացի գինի արտադրողները Ռուսաստանի սանիտարական ծառայությանը հայտնել են, որ պատրաստ են վերսկսել իրենց գինու մատակարարումները Ռուսաստանին. «Կիրակի օրը ես վրացի արտադրողներից պաշտոնական հայտարարություն ստացա, որ նրանք ցանկանում են մտնել մեր շուկա։ Եթե նրանք ապացուցեն իրենց արտադրանքի որակը, ապա Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի հարուցի դրանց՝ ռուսական շուկայում հայտնվելու հարցում»։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի ներկրումն արգելել է 2006 գարնանը՝ ռուս-վրացական հարաբերություններում լարվածություն առաջանալուց հետո։ Այդ արգելքը ռուսական կողմը «պատճառաբանել» էր վրացական արտադրանքի ցածր որակով։
Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բազմիցս ծաղրական տոնով շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, քանի որ դրանից հետո վրացական կողմը ստիպված է եղել բարելավել իր գինու որակը՝ նոր (եվրոպական) շուկաներ ներթափանցելու համար։
Մի դեպքում էլ Սաակաշվիլին նկատել է, որ եթե տարեկան Վրաստան այցելի 5 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ (գրեթե Վրաստանի բնակչության չափ), ապա վրացական գինին կարող է սպառվել երկրի ներսում և չարտահանվել։









































