Այն բանից հետո, երբ Իլոն Մասկի «Starlink» ցանցով կառավարվող ամերիկյան կամիկաձե-անօդաչու սարքերը սկսեցին զգալի հաջողություններ ցուցաբերել Իրանի դեմ պատերազմում, «SpaceX»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները եկան այն եզրակացության, որ Պենտագոնը պետք է ավելի շատ վճարի իրենց արբանյակային Wi-Fi ցանցից օգտվելու համար. գրում է Reuters-ը։
Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծությունների մեկնարկից մի քանի շաբաթ անց «SpaceX»-ի ղեկավարները հանդիպել են Պենտագոնի ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ զինվորականները յուրաքանչյուր տերմինալի միացման համար վճարել են մոտ 5000 դոլար, մինչդեռ փաստացի օգտվել են ծառայությունների ավելի բարձր մակարդակից, որի արժեքը մոտենում էր 25 000 դոլարի. գրում է «Reuters»-ը՝ հղում անելով Պենտագոնի՝ իրենց ուսումնասիրած փաստաթղթերին։
Տարաձայնությունները «LUCAS» կամիկաձե-անօդաչուների վրա «Starlink»-ի օգտագործման շուրջ վերջին ամիսներին «SpaceX»-ի և Պենտագոնի միջև «Starlink»-ի գնագոյացման շուրջ աճող լարվածության մի մասն են կազմում։ Այս մասին պարզ է դարձել իրավիճակին և փաստաթղթերին ծանոթ հինգ անձանց հետ հարցազրույցներից։
Ըստ երկու աղբյուրների՝ Պենտագոնը, որը ձգտում է օգնել Իրանի քաղաքացիներին շրջանցել կառավարության կողմից մտցված կապի խափանումները, նույնպես տարաձայնություններ ունի «SpaceX»-ի հետ։ Խնդիրը վերաբերում է այն սակագնային պլանի գնին, որը բնակչությանը հնարավորություն է տալիս ուղիղ միանալ «Starlink»-ի բջջային ցանցին՝ 5G ծառայությունների համանմանությամբ։










































