Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայտնի Դարլինգ Հարբոր շրջանում անցկացվող լուսային շոուն անսպասելի միջադեպի է վերածվել․ մոտ 90 դրոն պարզապես ընկել է երկնքից՝ հանդիսատեսի աչքի առաջ։ Միջադեպը տեղի է ունեցել «Vivid Sydney» փառատոնի շրջանակում, որը համարվում է Հարավային կիսագնդի ամենամեծ լուսային ու երաժշտական միջոցառումներից մեկը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ դրոններ հանկարծ կորցնում կառավարումը և մեկը մյուսի հետևից ընկնում ջուրը՝ շփոթեցնելով հազարավոր ներկաների։
Շոուն կազմակերպած բրիտանական Skymagic ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական խափանման պատճառը ռադիոհաճախականության անսպասելի փոփոխությունն էր։ Ընկերության խոսքով՝ դրոնները գործարկել են վթարային վայրէջքի համակարգը, քանի որ կորցրել էին դիրքային ճշգրտությունը։ Ըստ կազմակերպիչների՝ ընդհանուր առմամբ 89 դրոն է ընկել Քոքլ Բեյի ջրերը, սակայն դրանցից ոչ մեկը չի հատել անվտանգության սահմանները և չի ընկել մարդկանց վրա։
Միջադեպից հետո «Vivid Sydney»-ի կազմակերպիչները չեղարկել են առաջիկա երկու շոուները և հայտարարել, որ կանցկացվի ամբողջական քննություն՝ մինչև մնացած ծրագրերի վերաբերյալ որոշում կայացնելը։ «Star-Bound» անվանումը կրող շոուում սովորաբար օգտագործվում է մինչև 1000 հատուկ նախագծված դրոն, որոնք շուրջ 12 րոպե տևողությամբ օդային ներկայացում են ստեղծում Սիդնեյի երկնքում։








































