2025 թվականին կրիպտոարժույթ ունեցողների դեմ ֆիզիկական հարձակումների, այդ թվում՝ առևանգումների ու շանտաժի թիվն աճել է 75%-ով։ Bloomberg-ի տվյալներով՝ գրանցվել է առնվազն 72 հաստատված դեպք, որոնց հետևանքով կորուստները կազմել են շուրջ 41 միլիոն դոլար։ Սակայն իրական ցուցանիշը, հավանաբար, ավելի բարձր է, քանի որ բազմաթիվ զոհեր չեն դիմում իրավապահներին և նախընտրում են վճարել պահանջվող փրկագինը։
Կրիպտոարժույթների գլխավոր առավելություններից մեկը՝ բլոկչեյնի թափանցիկությունն ու հանրային հասանելիությունը, ֆիզիկական անվտանգության տեսանկյունից աստիճանաբար վերածվում է ռիսկի։ Այսպես կոչված «կետերը» (whales)՝ խոշոր կրիպտոակտիվներ ունեցող անձինք, ավելի հաճախ են հայտնվում հանցավոր խմբերի ուշադրության կենտրոնում։
Փորձագետների կարծիքով՝ խնդիրը պայմանավորված է նրանով, որ բլոկչեյնի հանրային տվյալները, արտահոսած տեղեկատվության և on-chain վերլուծությունների հետ համադրվելով, հեշտացնում են խոշոր դրամապանակների և մեծածավալ գործարքների հայտնաբերումը։ Արդյունքում հանցագործները կարողանում են թիրախավորել կրիպտոակտիվներ ունեցող անձանց։
Ստեղծված իրավիճակի ֆոնին ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական անվտանգությանը։ Անվտանգության խորհրդատվությամբ և ռիսկերի կառավարմամբ զբաղվող «Executive Risk Services» ընկերությունը հայտնել է, որ եթե երկու տարի առաջ կրիպտոոլորտի ներկայացուցիչները իրենց դիմում էին մոտավորապես եռամսյակը մեկ, ապա այժմ նման հարցումներ ստացվում են գրեթե ամեն շաբաթ։
Մի շարք կրիպտոընկերություններ ևս սկսել են զգալի միջոցներ հատկացնել ղեկավարների անվտանգության ապահովման համար։ Որոշ դեպքերում այդ ծախսերը համեմատելի են, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում են խոշոր ֆինանսական հաստատությունների, նավթային ընկերությունների և դեղագործական հսկաների անվտանգության բյուջեները։
Միաժամանակ աճում է հետաքրքրությունը նաև այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են կրիպտոարժույթ ունեցողները պաշտպանել իրենց միջոցները բնակարանային ներխուժումների կամ ֆիզիկական սպառնալիքների դեպքում։











































