«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու և Նիկոլ Փաշինյանին տապալելու ռազմավարությունը։
Այս փաստաթղթերը հերթական անգամ բացահայտում են ռուսական հատուկ ծառայությունների մետոդները՝ սկսած քարոզչական գործիքակազմից և գործող կառավարության դեմ համակարգված հարձակումներից, մինչև ռիսկերի ու հնարավորությունների խորը վերլուծություն:
Այս սցենարների հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն ուղղված միջոցառումների ամբողջական շղթայի իրականացումն է: Ավելին, ձեռք բերված նյութերը պարունակում են քայլ առ քայլ ուղեցույց՝ երկրում գործող մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գաղտնի ֆինանսավորման, համակարգման և նպատակային օգտագործման վերաբերյալ։
Օրինակ՝ հրապարակման մեջ «ներքին հեղաշրջման» (1998 թվականի մոդելի օրինակով) կամ վարչապետի իմպիչմենտի հավանականությունը գնահատվում է «զրոյական»՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուժային կառույցների բացարձակ հավատարմության, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում պառակտման և նրա թիմում խուճապի բացակայության պատճառով։ Հետախուզության վերլուծաբանները քիչ հավանական են համարում նաև վարչապետի կամավոր հրաժարականը կամ նրա հեռացումը լայնածավալ փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ։
Հատուկ ծառայությունները, ի վերջո բացառելով իշխանության կոշտ կամ վաղաժամ փոխանցման տարբերակները, եզրակացնում են, որ իրենց ծրագրերն իրականացնելու միակ կենսունակ ու ամենահեռանկարային սցենարը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են և դրանց ընթացքում բոլոր ուժերի միավորումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
«Хроника Кавказа» հարթակի հրապարակած գաղտնի զեկույցում նշվում է, որ Մոսկվան հասարակությունը բաժանում է երեք էլեկտորալ սեգմենտի, որտեղ առանցքային թիրախը բնակչության 70 տոկոսը կազմող «կարմիր» դաշտն է՝ մարդիկ, ովքեր դեմ են Փաշինյանին, բայց չեն ցանկանում նաև նախկինների վերադարձը։
Այս հսկայական զանգվածը գրավելու համար ռուսական կողմը խաղադրույք է կատարում գործարար Սամվել Կարապետյանի վրա՝ նրան անվանելով «հայկական Իվանիշվիլի», ով պետք է ձևավորի նոր՝ «երրորդ ուժ» և միավորի ընդդիմադիր դաշտը մեկ ընդհանուր դաշինքի մեջ։
Պլանի համաձայն՝ այս մեծ դաշինքի («քվարտետի») մեջ պետք է մտնեն Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և եկեղեցու ու քաղբանտարկյալների պաշտպանության համար ստեղծվող անկախ «Քաղաքացիական պլատֆորմը»։
Փաստաթղթերում նշվում է, որ որպես առաջին փորձաշրջան ընտրվել էին Էջմիածնի տեղական ընտրությունները, որտեղ հիմնական հարվածն իր վրա պետք է վերցներ «Մայր Հայաստան» դաշինքը, որպեսզի ձախողման դեպքում չտուժեր Սամվել Կարապետյանի վարկանիշը։
Վերլուծաբանները որպես հիմնական կետ նշել են Վաղարշապատը՝ հայտարարելով, որ այս ընտրությունները «պետք է դառնան Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ազատագրման գործընթաց»: Ինչպես նշվում է տեքստում, «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը հաջող փորձ ուներ Երևանի և Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, պետք է մասնակցի Էջմիածնի ընտրություններին։
Միևնույն ժամանակ, ռուս ստրատեգները արձանագրում են խորը պառակտում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճամբարներում՝ նշելով, որ նրանք ավելի շատ պայքարում են միմյանց դեմ, քան գործող իշխանության, և պլանավորում են նրանց կանգնեցնել կա՛մ Կարապետյանի առաջնորդությունն ընդունելու, կա՛մ լիովին լուսանցք մղվելու փաստի առաջ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կուրատորները գլխավոր դեստրուկտիվ (քայքայիչ) տարր համարում են Սերժ Սարգսյանին, որը փորձում է «խաղից հանել Ռոբերտ Քոչարյանին»՝ Արման Թաթոյանի և Ռուբեն Մխիթարյանի տեխնիկական դեմքերի միջոցով «սև» ընտրական դաշտում իր փեսային՝ Միքայել Մինասյանին առաջ մղելու համար։







































